ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ» 21-ՐԴ ԴԱՐԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ

«ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ» 21-ՐԴ ԴԱՐԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ
06.10.2009 | 00:00

Վերջերս ակումբներից մեկում քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ խոսել էր Կարս-Գյումրի երկաթգծի սպասվելիք վերագործարկման մասին։ Մեր թերթի նախորդ` 76-րդ համարում, ՀԺԿ քաղխորհրդի անդամ Գրիգոր Հարությունյանը մտահոգություն էր հայտնել, որ «եթե Կարս-Գյումրի երկաթգիծը բացվի, էլ ո՞վ կմտածի Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման մասին»։ Այս առնչությամբ պարզաբանում խնդրեցինք պարոն Հովհաննիսյանից։
«Եթե Կարս-Գյումրի երկաթգիծը վերագործարկվի, շատ լուրջ խթան կլինի, որպեսզի Իրան-Հայաստան երկաթգիծը շուտափույթ կառուցվի։ Այն կարող է միանալ թուրքական երկաթգծի ցանցին, որի շնորհիվ մենք կունենանք հայտնի «մետաքսի ճանապարհի» 21-րդ դարի տարբերակը։ Իսկապես, Կարս-Գյումրի երկաթգծի բացումը կհանգեցնի նրան, որ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման համար անհրաժեշտ ներդրողներ հայտնվեն, մասնավորապես` Չինաստանը, որը մեծագույն հետաքրքրություն կցուցաբերի այդ ծրագրի նկատմամբ։ Սա հնարավորություն կտա գործարկել միջցամաքային երկաթգիծը, որն իր նշանակությամբ միանգամայն համեմատելի կդառնա միջնադարում մետաքսի մեծ ճանապարհի հետ։ ՈՒստի այն տեսակետը, թե հայ-թուրքական սահմանի բացման և Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման դեպքում կկորչի հետաքրքրությունը Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նկատմամբ, որևէ քննադատության չի դիմանում։ Ճշմարտությունն այն է, որ Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման միջոցով ավելորդ կդառնա Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցումը, որի իրականացման դեպքում Հայաստանը կտրվում է տարածաշրջանային կոմունիկացիոն ուղիներից։ Այնինչ, Գյումրի-Կարսի վերագործարկմամբ անիմաստ կդառնա հիշյալ երկաթգծի կառուցումը, քանի որ ոչ մեկը վեց հարյուր միլիոն դոլարից ավելի գումար չի ներդնի Կարս-Ախալքալաքի գործարկման համար։ Մանավանդ որ այստեղ ռելիեֆն այնքան բարդ է, որ, փորձագետների եզրակացության համաձայն, հարկավոր կլինի ներդնել կրկնապատիկ գումար։ Եթե Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումն այսօր մշուշոտ է և կապված է առայժմ բազում հարցականներ պարունակող հնարավորությունների հետ, թե կհաջողվի՞, արդյոք, ներդրողներ գտնել, Գյումրի-Կարսի վերագործարկմամբ ֆինանսական միջոցների փնտրտուքի հարցը լուծված կլինի։ Երկրորդեմ. Չինաստանը մեծ հետաքրքրություն ունի ներդրումներ անելու առումով։
Այս երկաթգծի շնորհիվ Հայաստանը կվերագտնի իր պատմական դերակատարությունը որպես մետաքսի մեծ ճանապարհին գտնվող կարևորագույն տրանզիտային հանգույց` կապելով Եվրասիա մայրցամաքի ամենակարևոր կենտրոնները։ Զարմանում եմ, որ մարդիկ այսօր այլ տեսակետ են արտահայտում»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1238

Մեկնաբանություններ